10/04/2020 16:15
Միշուստինը կոչ է արել արագ համաձայնեցնել ԵԱՏՄ-ում COVID-19-ի հետ կապված սահմանափակումները (РИА Новости)
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար ԵԱՏՄ շրջանակում սահմանափակումները պետք է հնարավորինս արագ համաձայնեցվեն: Դա պետք է անել երկու օրվա ընթացքում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Կարևոր է, որ նախնական խորհրդակցությունների մեխանիզմն աշխատի ամբողջ ուժով, որպեսզի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ ժամկետներ սահմանելու վերաբերյալ որոշումները հնարավորինս արագ համաձայնեցվեն, բառացիորեն երկու օրվա ընթացքում», - ասել է Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նա ավելացրել է, որ ապրանքների դեֆիցիտի դեպքում նպատակային օգնության հնարավորություն է նախատեսված:
«Կարևոր ուղղությունը, որտեղ մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը` տնտեսություններին աջակցելն է: Միասին պետք է կրճատենք բացասական գործոնների ազդեցությունը: Սա մեծ, համալիր աշխատանք է», - ասել է ՌԴ վարչապետը:
Նա նաև ԵԱՏՄ երկրներին կոչ է արել միմյանց տեղեկացնել միության շրջանակներում մակրոտնտեսական կայունության և ապրանքների առևտրի պահպանման ուղղությամբ ձեռնարկված և պլանավորված միջոցների մասին: