10/04/2020 09:45
«Փաստ». Երբ որևէ ուժ կամ անհատ իրեն «խելոք չի պահում», ապշելու «զուգադիպությամբ» պարզվում է, որ այդ անհատի կամ այդ ուժի որևէ ներկայացուցչի հետ խնդիրներ կան
«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո ևս մեկ ուշագրավ օրինաչափություն է նկատվում, որը գնալով նոր, ավելի «գեղարվեստական» երանգներ է ստանում: Եվ ուրեմն, երբ որևէ ուժ կամ անհատ իրեն «խելոք չի պահում» (այսինքն, համարձակվում է տրորել անսխալական, անթերի իշխանության «ոտքը») ապշելու «զուգադիպությամբ» մեկ էլ պարզվում է, որ այդ անհատի կամ այդ ուժի որևէ ներկայացուցչի հետ խնդիրներ կան:
Հանկարծ ու ի հայտ է գալիս, որ մեկը ինչ-որ ժամանակ հարկային, այսպես, մի 1000 դրամի պարտավորություն ունի, մյուսի գործունեության հետ կապված փաստաթղթային ինչ-որ անհամաձայնություններ կան, մյուսի հետ բարեկամաբար զրուցելու անհագ ցանկություն է առաջանում ԱԱԾ-ում և այլն, և այլն: Ոչ պակաս խնդիրներ են «ծագում» նաև նրանց հետ, ովքեր համարձակություն են ունենում հեռանալ իշխանական թիմից, առավել ևս՝ դուռը շրխկացնելով, իրականությունը ի ցույց դնելով:
Բնականաբար, այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական յուրատեսակ տեռորով՝ աշխարհի մեղքերը բարդելով «մեղանչածների» վրա, նրանցից նոր «թշնամիներ» ու «դավաճաններ» կերտելով: Այնպիսի տպավորություն է, որ այսպիսի պիտակավորումներ շուտով ստանալու է հասարակության մեծամասնությունը...»: