10/04/2020 13:03
ՀՀ վարչապետ. Ցավոք, մենք ուղղակիորեն գտնվում ենք ռեցեսիայի եզրին (Տեսանյութ)
Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տնտեսությունը խթանելու և ճգնաժամային ծանր երևույթները հաղթահարելու նպատակով՝ կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
«Ցավոք, մենք ուղղակիորեն գտնվում ենք ռեցեսիայի եզրին։ Ըստ ամենայնի, դրանից այլևս անհնար կլինի խուսափել: Ոչ ոք չգիտի, թե որն է լինելու այս ճգնաժամի սցենարը, որքան երկար կտևի պանդեմիան: Ստեղծված աննախադեպ պայմաններում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործառույթը, իսկ ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սահմանափակումն անընդունելի է: ԵԱՏՄ-ում այսօր անդադար բեռնափոխադրումների հաղորդակցությունը դարձել է Հայաստանի համար գերակա նշանակություն: Այս առումով ռուս-վրացական սահմանը մեզ համար ունի կենսականորեն կարևոր ռազմավարական նշանակություն: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության համար», - հայտարարել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է, որքան հնարավոր է, աջակցել ԵԱՏՄ-ում գործընկերներին, անհրաժեշտ է արագացնել միջոցառումների ընդունումը` ԵԱՏՄ շրջանակներում առևտրի մեջ ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի էականորեն բարձրացման համար:
«Մենք պետք է ամրապնդենք մեր դաշինքը նույնիսկ պանդեմիայի և աճող ռեցեսիայի լուրջ մարտահրավերների ֆոնին: Մենք պետք է ապացուցենք մեր կազմակերպության կենսունակությունը և պատրաստ լինենք օգտվել հետճգնաժամային ժամանակահատվածում ծագած բոլոր տնտեսական հնարավորություններից», - հայտարարել է Փաշինյանը:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել այս տարվա աշնանը Երևանում անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը: