10/04/2020 19:03
Ռուստամ Բադասյանը հեռավար կարգով մասնակցել է կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային իրավական ֆորումին
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հրավերով ապրիլի 10-ին մասնակցել է հեռավար կարգով անցկացվող Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումին` նվիրված կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումներին, հայտնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։
Ամենամյա ֆորումի նստաշրջանի՝ «Հանրային կառավարումը և օրենսդրությունը» խորագրով արդարադատության նախարարների բաց հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման նախաձեռնության և հրավերի համար։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ ի թիվս այլ պետությունների` ՀՀ կառավարությունը ևս փորձում է մշակել հակազդման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել և կիրառել դրանք աշխարհին պատուհասած համավարակի դեմ պայքարում:
Տարբեր կառավարությունների կողմից ձեռնարկված պայքարի միջոցները Ռուստամ Բադասյանը պայմանականորեն բաժանել է երկու խմբի` երկրներ, որոնք արտակարգ դրությամբ պայմանավորված կիրառում են միայն համատարած խիստ սահմանափակումներ և երկրներ, որոնք ավանդական միջոցներին զուգահեռ գործադրում են տեխնոլոգիական լուծումներ վարակակիրների մեկուսացման և վարակի տարածման հնարավոր շրջանակը վերահսկելու և կառավարելու համար:
Նախարարը նշել է, որ Հայաստանը մեկն է այն երկրներից, որոնք, ունենալով անձնական տվյալների պաշտպանության բավականին բարձր մակարդակ, ստանդարտ միջոցառումներին զուգահեռ կիրառել են նաև կորոնավարակի տարածումը կանխարգելող տեխնոլոգիական լուծումներ: Բադասյանը, ֆորումի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանում վարակի տարածման կանխարգելմանը միտված տեխնոլոգիական միջամտության ողջ իրավական հիմնավորումները և տեխնիկական սահմանափակումները, ընդգծել է, որ այն մշակվել և կիրառվում է մարդու իրավունքների ու տվյալների պաշտպանության չափանիշների, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի և որևէ այլ սահմանափակման համաչափության պահպանմամբ:
Ֆորումի մեկ այլ նստաշրջանը, որին մասնակցել է նախարար Բադասյանը, նվիրված էր մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում Մարդու իրավունքներին առնչվող թեմային։ Նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթում նախարար Բադասյանը նշել է, որ ողջ Եվրոպայում մարդու որոշ իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները տարածվում են նույնքան արագ, որքան վարակն ինքը, և ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքի գերակայությունն այս շրջանում, ինչպես երբեք, պետք է հանդիսանան կառավարությունների գործողությունների սկզբունքը:
Ռուստամ Բադասյանը նիստի մասնակիցներին և հեռակա կարգով ֆորումին հետևողներին ներկայացրել է նոր տեսակի կորոնավարակի կանխարգելման համատեքստում ՀՀ կառավարության կողմից կիրառվող հատուկ միջոցառումները` ըստ ժամանակագրության։
Իր խոսքում նախարարը նշել է, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների համաչափությունն ու անհրաժեշտությունը հիմնավորված է իրավիճակի իրատեսական գնահատման վրա։ Այդ համատեքստում նաև անդրադարձ է կատարվել միջազգային ստանդարտներին, մասնավորապես, որ արտակարգ դրության պայմաններում ՄԻԵԴ-ի կողմից պետություններին հայեցողության լայն շրջանակ է տրված այնպիսի հարցեր որոշելիս, թե արդյոք անձանց և հանրային կյանքի անվտանգության ռիսկն իրական է, թե՝ ոչ կամ թե պետությունն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի այդ մարտահրավերը հաղթահարելու համար։
Արդարադատության նախարարը կարևորել է, որ այդ միջոցառումները պայմանավորված են բացառապես արտակարգ դրությամբ, սահմանափակված են միայն արտակարգ դրության ժամկետով, համաչափ են և սահմանափակող միջոցների կիրառման ընթացքում ապահովված են լրացուցիչ երաշխիքներ։
Իր խոսքի ավարտին նախարար Բադասյանը, հաջողություն և առողջություն մաղթելով բոլոր գործընկերներին, շեշտել է, որ կարևոր է արձանագրել, որ կառավարությունների կողմից ձեռնարկվող բոլոր միջոցները միտված են առաջին հերթին մարդկային կյանքեր փրկելուն։