10/04/2020 22:06
Նախապես ներողություն եմ խնդրում դերասան ընկերներիցս, բայց լռել չեմ կարող. Դիզայներ Գեղամ Շերոյանին զայրացրել է սերիալների դերասանների «թափթփվածությունը»
Մեկ անգամ չէ, որ խոսվել է, այսպես ասած՝ «ոտքի վրա» նկարահանված սերիալների մասին: Ու խոսքն ամենևին էլ միայն բովանդակության թերի լինելու մասին չէ, այլ նաև այն բոլոր ատրիբուտների, որոնք լրացնում են կինո կամ սերիալ ասածը. նկարահանման հրապարակում ռեժիսորից ու օպերատորից զատ պետք է նաև դիմահարդար ու վարսահարդար լինի: Էլ չեմ խոսում դերասանների հանդերձանքի մասին, որոնք հաճախ տվյալ տեսարանին ու տրամադրությանը անհամահունչ են լինում:
Aysor.am-ի հետ զրույցում դիզայներ Գեղամ Շերոյանը նկատեց՝ վերջին շրջանում ակամա հայկական սերիալների ակնդիրն է դարձել, ու այն, ինչ տեսնում է, գոնե իր մասնագիտական տեսանկյունից անընդունելի է:
«Այնպես ստացվեց, որ երկրի արտակարգ դրությունը իմ կյանքում ցուցադրեց իր և՛ լավ և՛ վատ կողմերը: Ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, ժամանցային ծրագրեր։ Եվ իհարկե այս ամենի արանքում չէի կարող օրվա մեջ գոնե մի քանի անգամ, մի քանի կադրով «չվայելել» հայկական արտադրության սերիալները։ Այն, ինչ տեսա ու նկատեցի, մեղմ ասած, անթույլատրելի է։ Նախապես ներողություն եմ խնդրում դերասան ընկերներիցս, բայց լռել չեմ կարող։ Ասեք ինձ, խնդրում եմ, միթե՞ դերասանը նա չի, ով ճաշակ պիտի թելադրի, ում պիտի ցանկանան նմանվել, ում նայելիս պիտի էսթետիկական հաճույք ստանան։ Բայց ի՞նչ ենք մենք տեսնում. անխնամ արտաքին, մինչև ծնկները հասնող անխնամ թրաշներ, կեղտոտ, չարդուկված հագուստ, չլվացված, չսանրված, չհարդարված մազեր, խոշոր պլանով երևացող անխնամ մաշկ… ու այսպես շարունակ», - նշեց դիզայները:
Մեր զրուցակիցը չի հերքում՝ ֆիլմի ստեղծագործական կազմը կարող է դա մանրուք համարել, կամ՝ արդարացումներ փնտրել: Սակայն ընդգծում է՝ անկախ պատճառներից ու արդարացումներից՝ պետք է հարգել այն մարդուն, ով էկրանի առջև նստած սպասում է իրենց հերթական «այցելությանը»:
«Գիտեմ, որ շատերն ինձ կմեղադրեն կամ կփորձեն արդարացումներ փնտրել, ասել, որ սերիալի բյուջեն թույլ չի տալիս նոր հագուստ գնել դերասանի համար, ըստ պահանջի չի վարձատրում... Գիտեք, այդ ամենը հասկանում եմ, բայց չէ՞ որ կան մինիմալ բաներ, որ դերասանն ինքը պիտի իմանա ու հետևի։ Ինքը պիտի ունենա որոշակի պարտավորվածություն՝ հեռուստադիտողին ներկայանալ հավուր պատշաճի։ Ի վերջո, եթե ընտրել ես դերասանի ծանր մասնագիտությունը, բարի եղիր գոնե քեզ մի քիչ նեղություն տալ կադր մտնելուց առաջ», - եզրափակեց Գեղամ Շերոյանը: