10/04/2020 15:08
ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մեկ ամսով հանրապետությունում սահմանափակումները երկարաձգելու հարցին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:
Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:
Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»։
Ավելի վաղ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում հայտարարել էր, որ քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը։