10/04/2020 14:33
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կարում են պաշտպանիչ դիմակներ․ արդեն պատրաստ է 700 դիմակ
Հադրութի շրջանում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Դրանց թվում կարևոր է նաև կամավորական աշխատանքի դերը։
Մասնավորապես, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը միացել է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախաձեռնած «Առողջ Արցախ» ծրագրին, որի շրջանակներում պատրաստվում են պաշտպանիչ դիմակներ։
Կամավորական ուժերով առ այս պահը պատրաստվել է թվով 700 դիմակ, որը, ըստ անհրաժեշտության, տրամադրվել է շրջանի հիմնարկ-ձեռնարկություններին, բազմազավակ և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներին:
Ավելացնենք, որ «Առողջ Արցախ» ծրագրի նախաձեռնողները տրամադրում են անհրաժեշտ նյութեր (կտոր, ռեզին, թել)՝ պաշտպանիչ դիմակներ պատրաստելու աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով: