10/04/2020 17:35
Վանաձորում հացի թանկացման հիմնական պատճառը կապված է եղել սպառման ծավալների նվազման հետ
Վերջին երկու օրերին պարենային ապրանքների գների նվազման դինամիկա է նկատվում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Տեղական արտադրության ապրանքների գները նվազում են։ Ալյուրի գինը նույնպես նվազել է։ Հացի գինը Երևանի խոշոր ցանցերում որևէ կերպ չի փոխվել», - ասաց Գեղամ Գևորգյանը։
Անդրադառնալով որոշ ապրանքների գների բարձրացմանը՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ սա միանգամից չէ տեղի ունեցել։
«Այս փաստը ևս կարող է վկայել, որ գները բարձրացել են ոչ թե կորոնավիրուսի հետևանքով, այլ՝ որոշակի ժամանակ անց։ Օրինակ՝ ալյուրի գինը սկսել էր բարձրանալ մարտի 14-ից սկսած, այնուհետև այդ գինը պահպանվել է մինչև մարտի 26-ը։ Դա կարող էր պայմանավորված լիներ արտարժույթով»։
Անդրադառնալով Վանաձորում հացի թանկացմանը՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ հանդիպում են ունեցել հաց արտադրողների հետ։
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հացը Վանաձորում այլ քաղաքների համեմատ ամենաէժաններից մեկն է։ Հացի թանկացման խնդիրը կապված է եղել մի շարք փաստերի հետ, որոնք այս պահին ուսումնասիրում ենք։ Մի փոքր հատվածը կապված է եղել ալյուրի գնի, մի մասն էլ՝ փաթեթավորման հետ։ Բայց հիմնական պատճառը կապված է եղել սպառման ծավալների նվազման հետ, քանի որ մեր որոշ քաղաքացիներ նախընտրել են հաց պատրաստել տանը», - ասաց Գեղամ Գևորգյանը։