11/04/2020 13:45
Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան
Մեր եզրակացությունն այն է, որ ապրիլի 24-ի և մայիսյան տոնակատարությունների միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետև սովորական ընթացակարգի դեպքում կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ: Այսինքն՝ այն պաշտոնյաներն, ովքեր ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այդ անելիքը, նույնը վերաբերում է Մայիսի 8-ին և Մայիսի 9-ին:
Մենք այս միջոցներով պետք է կարողանանք իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ: Այս որոշումները կայացվում են հանուն քաղաքացու և ոչ թե ի հեճուկս նրա իրավունքների», - ասաց վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի սահմանափակումները:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի առավոտվա դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 966-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 173 քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ։
Քիչ առաջ, սակայն, վարչապետը տեղեկացրերց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է: