11/04/2020 14:10
Մեր վիճակը համաճարակային առումով կայունացել է, բայց չի լավացել․ ցանկացած պահի կարող ենք ունենալ հիվանդացության նոր բռնկում․ Փաշինյան
Տեղաշարժի սահմանափակումը պահպանվելու է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատանքի բավականին լայն շրջանակի համար ստեղծում ենք հնարավորություն, բայց եթե գործատուները ու քաղաքացիները առանձնահատուկ կարգապահություն չցուցաբերեն, կարող ենք նոր վերելք ունենալ հիվանդության դեպքերի ու ստիպված լինենք վերադառնալ այն նախնական սահմանափակումներին, որոնք ավելի խիստ էին։ Այն, որ մենք հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք, և գործունեության նոր հատվածների համար հնարավորություններ ենք ստեղծում, դեռ չի նշանակում, որ մեր վիճակը լավացել է։ Մեր վիճակը համաճարակային առումով կայունացել է, բայց չի լավացել և ընդհանուր առամամբ, ցանկացած պահի կարող ենք ունենալ հիվանդացության նոր բռնկում, որը մեզ համար ավելի մեծ դժվարություններ կստեղծի», - ասաց Փաշինյանը:
Վերջինս ներողություն խնդրեց այս ընթացքում պատճառված անհարմարությունների համար.
«Հույս ունեմ՝ բոլորդ եք համոզված, որ սա արվում է հանուն ձենզից յուրաքանչյուրի անվտանգության և առողջության։ Գիտեմ, որ բազմաթիվ դժվարություններ են առաջանում և կառավարությունը 10 միջոցառում ընդունել է ու նոր միջոցառումներ կընդունի սոցիալական և տնտեսական լարվածությունը հնարավորինս մեղմացնելու համար։ Խոսքը նրա մասին չէ, որ առաջացած պրոբլեմները կարճ ժամանակաշրջանում վերացենք։ Բոլորս պետք է արձանագրենք, որ այս իրավիճակում տուժելու ենք, կրելու ենք որոշակի անհարմարություններ»։