13/04/2020 15:06
Վարակի տեսանկյունից Հայաստանում մշտական բնաչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ․ Ավինյան
Համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն, անհնար է վարակն ամբողջովին վերացնել, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
«Դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ անց, եթե ոչ մեկ տարի անց։ Պետությունների կողմից ձեռնարկված միջոցառումները միտված են անորոշությունները կառավարելուն», - ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ հասարակությունները երկընտրանքի առջև են՝ փորձել խուսափել զոհերի մեծ քանակից և դանդաղեցնել վարակի տարածումը՝ առողջապահական համակարգի համար հիվանդներին սպասարկելու հնարավորություն ստեղծելով, կամ թույլ տալ վարակի արագ տարածում՝ մարդկանց մոտ ձևավորելով դիմադրողականություն և հնարավոր դարձնել արագ վերադարձը բնականոն կյանքին՝ միևնույն ժամանակ ունենալով ավելի մեծ թվով զոհեր։
«Պետությունների գերակշիռ մասը առաջին ուղղութամբ է գնում՝ չբացառելով որևէ պահի անցնելը երկրորդ տարբերակին», - ասաց նա։
Ավինյանն ընդգծեց՝ վարակի տեսանկյունից ռիսկայնության իմաստով Հայաստանում մշատկան բնաչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ՝ ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից։
Նրա խոսքով՝ խրոնիկ հիվանդությունների մասով միայն գրանցված ցուցանիշի համաձայն երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը ՀՀ-ում 77418 է, սրտի հիվանդություն ունեցողներինը՝ 71025։
Հիշեցնենք՝ Կառավարությունն այսօր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս մեկ ամսով: