13/04/2020 11:15
Հայաստանի ավիացիոն իշխանություններն իրենց պարտականությունները վերջին երկու տարվա ընթացքում չեն կատարել. Հակոբ Ճաղարյան
Ավիատոր, ՀՀ վարչապետի արդեն նախկին նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ծանոթ է միջազգային ավիացիոն կազմակերպության՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ կազմած զեկույցին, սակայն իրավասու չէ այն հրապարակել, այդ մասին նա ասել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում։
«Քանի որ այդ զեկույցը գաղտնի գրիֆի տակ չէ, և ինչպես ասում են, երկիրն իրավունք ունի իր հերոսներին ճանաչելու, ես կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պահանջելու այդ զեկույցը և ինքը գնահատի, թե ինչի մասին է խոսքը» , - ասել է Հակոբ Ճաղարյանը։
Ավատորը համաձայն չէ զեկույցի վերաբերյալ Քաղաքացիական ացվիացիայի կոմիտեի ներկայացրած պարզաբանման հետ։
«Քաղավիացիայի ոլորտն ամենականոնակարգվածներից է, կան բազմահազար միջազգային փաստաթղթեր, որոնք ձևակերպում են, թե ինչով և ինչպես պետք է զբաղվել։ Հայաստանի մասին զեկույցը պարունակում է այս բոլոր հարցերը։ Փաստորեն, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցում բոլոր ոլորտներում կատարված հետազոտություններն ունեն նկատողություններ և միջազգային կարգավորումներին անհամատեղելիություններ» , - ասել է Հակոբ Ճաղարյանը։
Նրա խոսքով՝ այդ անհահամատեղելիություններն այն աստիճանի են, որ լրատվամիջոցներից մեկում հրապարակված փաստաթուղթը, թե ինչի համար են հայկական ավիաընկերություններին զրկել Եվրոպա թռիչքներ կատարելու արդեն իսկ շնորհված իրավունքից, նշում է շատ վիրավորական մի փաստ:
«Նշում է, որ Հայաստանը որպես շահագործողի երկիր, ի վիճակի չէ սերտիֆիկացնել օդանավերը և ավիաընկերություններին, վերահսկել թռիչքային անվտանգությունը համապատասխան միջազգայնորեն ընդունված կանոնակարգին», - ասել է Հակոբ Ճաղարյանը։
Այս ամենը, մասնագետի խոսքով, նշանակում է, որ Հայաստանի ավիացիոն իշխանություններն իրենց պարտականությունները վերջին երկու տարվա ընթացքում չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել։