13/04/2020 18:18
Իտալիայի ԱԳՆ ղեկավարը պանդեմիայի հետևանքները համեմատել է պատերազմի հասցրած վնասների հետ
Կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրությունը կրում է երկարատև բնույթ, իսկ դրա տնտեսական հետևանքները համեմատելի են պատերազմի հասցրած վնասի հետ: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն, որի նամակը երկուշաբթի հրապարակել է «Financial Times»-ը:
«Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակն անդրադարձել է մեզանից յուրաքանչյուրի վրա: Այն փոխել է մեր սովորությունները և սրել է այն դժվարությունները, որոնց բախվում են բնակչության առավել խոցելի խմբերը: Դա շարունակական արտակարգ դրություն կլինի, որի ազդեցությունն ու տնտեսական հետևանքներն այն պատերազմի նման են դարձնում», - ասել է նա:
Ըստ նախարարի խոսքերի՝ Եվրամիությունը երկար տարիներ շարունակ միշտ կարողացել է կանխել իրադարձությունների նման զարգացումը՝ հիմնարար սկզբունքների պահպանման ճանապարհով:
«Մենք պետք է ընդունենք ճշմարտությունը. Եվրոպան մինչ այժմ պատշաճ համերաշխություն չի ցուցաբերել: Այն չի կարողացել մեկ թիմ դառնալ, ընդ որում, դա անելու ցանկություն էլ չի դրսևորել: Ի հայտ են եկել եսասիրությունն ու անհատապաշտությունը», - ասել է Դի Մայոն
Իտալիայի ԱԳՆ ղեկավարն ավելացրել է, որ ստեղծված իրավիճակը պետք է «մտորելու առիթ դառնա ոչ միայն բոլոր իտալացիների, այլև ԵՄ բոլոր քաղաքացիների համար»: