13/04/2020 18:41
«Ախր ասեցի հայերեն, պարոն Մարուքյան, լսե՛ք, հերիք եղավ էլի»․ Վիճաբանություն՝ ԱԺ-ում
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Աժ-ում հայտարարեց, որ պատրաստ է քվեարկության դնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, թեև այն, ըստ էության, առաջարկությունների փաթեթ է։
«Ֆրակցիաներն իրավունք ունեն ներկայացնել նախագիծ ամբողջ արտակարգ դրության վերացման մասին կամ կառավորության սահմանած միջոցառումների մի մասը վերացնելու նախագիծ։ Լուսավորի մեր գործընկրները ներկայացրել են նախագիծ, որի վերնագիրը հենց էդպիսին է՝ միջոցառումները վերացնելու մասին։ Թվարկված են միջոցառումներ, որոնք չեն համընկնում կառավարության որոշման սահմանփակումներին։ Իրավական առումով սա առաջարկությունների փաթեթ է, բայց ամենևին ոչ միջոցառումների վերացման առաջարկ։ Մեր գործընկները հաճախ մեզ իրավաբանության դասեր են տալիս՝ մագիստրատուրայի չգիտեմ որ կուրսին հղում անելով, բայց այս դեպքում սա պահպանված չէ։ Բայց, այնուամենայնիվ, որ այնպես չլինի, թե մենք որևէ արգելք ենք հարուցում մեր գործընկերների համար, կքվեարկենք այս նախագիծը, որովհետև առնվազն վերնագրի մակարդակով այնպիսին է, ինչպիսին պիտի լիներ», - ասաց ԱԺ նախագահը։
Ի պատասխան ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքեց.
«Օրենքի տառը պահպանված չի, չի համապատասխանում, մի՛ դրեք քվեարկության»։
Արարատ Միրզոյանն էլ հակադարձեց․
«Ախր ասեցի հայերեն պարոն Մարուքյան, լսե՛ք, գրված է՝ «ֆրակցիայի որոշումը միջոցառումները վերացնելու մասին», թվարկված են միջոցառումներ, որոնք չկան այն որոշման մեջ, որտեղ իրենք այդ սահմանափակումը դրել են, հերիք եղավ էլի»։
Նախագիծը քվեարկության դնելուց առաջ վարման կարգով ելույթում ԼՀԿ ղեկավարը կրկին հորդորեց լավություն չանել իրենց․
«Խորհրդարանն իրար լավություն անելու տեղ չի, եթե չի համապատասխանում՝ մի՛ դրեք», - պնդեց Մարուքյանը։