14/04/2020 13:04
Նպատակը լավն է, բայց այն տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տալիս․ Արման Աբովյանը՝ բռնության հրապարակային կոչերը քրեականացնելու մասին
Ատելության խոսքը պետք վերացվի, բայց պետք հստակ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում բռնության կոչը, ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով բռության հրապարակային կոչերի քրեականացմանը։
«Նպատակը լավն է, բռնությունը ոչ ոք իրավունք չունի արդարացնի, բայց այն տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տալիս», - ասաց Աբովյանը։
Նա նկատեց, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ, օրինակ, ֆեյսբուքում մարդ հավանում է այն հրապարակումը, որտեղ խոսվում է Թալիշի վրա հարձակում գործած և մարդկանց սպանած ադրբեջանցիների ոչնչացման մասին, արդյոք այս դեպքում համարվում է , որ այդ հրապարակումը հավանած մարդը արդարացնում է բռնությունը։
«Հասկանում եմ, որ ուռճացված է, ողջամտության կանավարկած էլ կա, բայց գոյություն ունեն իրավիճակներ, որոնք պետք է հաշվի առնենք։ Յուրաքանչյուր օրենք ընդունելու դեպքում, մանավանդ նման օրենքներ ընդունելու դեպքում, պետք է հաշվի առնենք մեր հայկական ավանդույթները, եկեղեցին, պատմությունը, ընտանիքը, բոլոր այն պարագաները, որոնք կարող են ինչ-որ տեղ դիտարկվել օրենքի կիրառման դեպքում ոչ այդքան ցանակալի», - ասաց Աբովյանը՝ հավելելով․
«Օրենքը, ցավոք, լղոզված է որոշակի դրույթների պահով։ Կարծում եմ՝, որ այս տեսքով օրենքը չի համապատասխանի այն նպատակներին, որոնց պիտի ծառայի, ինչ վերաբերում է եվրոպական օրինակներին կամ համաշխարհային օրինակներին, ապա ամեն երկիր ունի իր տեսլականը։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ֆեյսբուքյան գրառումը հավանելը օրենքով չի համարվելու բռնության կոչի արդարացում, արդարացված է համարվելու է՝ հիմք ընդունելով անձի ակտիվ գործողությունները։
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին և «ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումը։ Վերջինովս առաջարկվում է՝ քրեական պատասխանատվություն նախատեսել անձի կամ անձանց խմբի նկատամամբ՝ պայմանավորված սեռով, մաշկի գույնով, ռասայով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելիությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են քրեականան օրենսգրքի մի շարք հատկանիշներ։