14/04/2020 17:01
Գեղարքունիքում կորոնավիրուս չկա. Միակ վարակակրի երրորդ թեստը կրկին բացասական է
Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի կասկածը հերքվել է․ երրորդ թեստավորման պատասխանը բացասական է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։ Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։ Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում են յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար ու ցուցաբերում են մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։ Շարունակում եմ հորդորել խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում», - նշել է Սանոսյանը։
Վարակակիրը մեկ շաբաթից ավելի բուժում էր ստացել Մարտունու բժշկական կենտրոնում։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։
Կորոնավիորւսի թեստ էին հանձնել պացիենտին բուժող երկու բժիշկները, որոնց թեստերը բացասական էին եղել։
Երեկ կորոնավիրուսով վարակված վերոնշյալ քաղաքացին երկրորդ անգամ էր թեստավորվել և առաջին դրական պատասխանից հետո կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստը բացասական էր, ինչն էլ անհրաժեշտություն էր առաջացել նրան երրորդ անգամ հետազոտել: