14/04/2020 14:58
Քաղավիացիայի վերաբերյալ կոնկրետ թերություններ են նշվում, սակայն չի հստակեցվում, որ դրանք տեղի են ունեցել վերջին 2 տարվա ընթացքում. Տաթևիկ Ռևազյան
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Եվրոպական միության զեկույցում որևէ կերպ նշված չէ, որ նշված թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում, այսօր տեսակապով հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
«Կոնկրետ թերություններ են նշում, որոնք նկատել են այցի ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի 3-ից 7-ը։ Սակայն չի նշվում, որ դրանք տեղի են ունեցել վերջին երկու տարվա ընթացքում», - ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Տեսակապով ասուլիսին միացել էր նաև քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը։
Վերջինս ասաց, որ արձանագրված թերությունները բազմաբնույթ են։
«Օրինակ՝ մենք պարտավոր էինք և պետք է ներդնեինք զեկույցների համակարգ։ Իրականում դա ներդրված չի եղել, սա թերություն է և միանշանակ պետք է շտկվի։ Զեկույցները ներկայացվել են լուրջ միջադեպերի ժամանակ, սակայն պետք է ներկայացվեն յուրաքանչյուր իրադրության ժամանակ»:
Գալուստ Պողոսյանը նշեց, որ աշխատանքները մեծ մասամբ արվել են, սակայն արվել են մասնակի, ինչն էլ մտահոգություն է առաջացրել Եվրոպական միության մոտ։
Տաթևիկ Ռևազյանի խոսքով՝ իրենց հարց են տալիս, թե որքա՞ն արագ կարող են լուծել այս խնդիրները.
«Իրականում մտածելակերպի հարց է։ Պետք է աշխատակիցները հասկանան, որ ճիշտ է՝ հարցը կարող է լուծվել հեռախոսի կապով, անձնական միջոցով և այլն, բայց այստեղ կարևոր է այդ ամեն ինչն արձանագրել»։
Հիշեցնենք՝ Ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ասել էր, թե Հայաստանի ավիացիոն իշխանություններն իրենց պարտականությունները վերջին երկու տարվա ընթացքում չեն կատարել։
«Քանի որ այդ զեկույցը գաղտնի գրիֆի տակ չէ, և, ինչպես ասում են, երկիրն իրավունք ունի իր հերոսներին ճանաչելու, ես կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պահանջելու այդ զեկույցը և ինքը գնահատի, թե ինչի մասին է խոսքը», - ասել էր Հակոբ Ճաղարյանը։