14/04/2020 15:19
Կորոնավիրուսի դեմ դեղորայք ստեղծելու աշխատանքները ՌԴ-ում ընթանում են բավականին լավ. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է կորոնավիրուսային վարակի դեմ դեղորայք ստեղծելու գործում տեղական մասնագետների աշխատանքից և հույս ունի, որ մոտ ապագայում Ռուսաստանը կկարողանա կիսվել արդյունքներով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ:
«Ռուսաստանը շատ ակտիվ աշխատում է դեղորայքի, համաճարակի դեմ պայքարի հատուկ միջոցների, պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ: Իրոք, աշխատանքը լավ է ընթանում», - ասել է ՌԴ ղեկավարը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
«Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ստացած արդյունքներով կիսվել ձեզ հետ», - ասել է Պուտինը՝ դիմելով «հնգյակի» գործընկերներին:
Հիշեցնենք՝ ԵԱՏՄ կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: