14/04/2020 13:21
«Մի մնա տանը» սոցիալական հոլովակի պատրաստման համար գումար չի ծախսվել
Doping Creative Advertising-ի՝ «Մի մնա տանը» սոցիալական հոլովակի պատրաստման համար գումար չի ծախսվել, ֆինանսական որևէ միջոց ներգրավված չի եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նույնի մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց նաև Doping Creative Advertising-ի PR-մենեջեր Հասմիկ Բարխուդարյանը:
Հարցին՝ ո՞վ է ֆինանսավորել տեսահոլովակը և որքան է այն արժեցել, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ընդհանրապես ոչ մի ֆինանսավորում չի եղել, մեզնից ոչ մեկ ոչ մի հոնորար չի ստացել: Նախաձեռնությունը եղել է առողջապահության նախարարությանը, այսինքն՝ առաջարկ ենք ստացել ինչ-որ բան անել, և մենք արել ենք այս տեսահոլովակը՝ ինչքանով հնարավոր է եղել անել դա հեռահար պայմաններում: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ 0 դրամ: Ոչ արտիստներից որևէ մեկն է ստացել ինչ-որ հոնորար, ոչ էլ մենք, ոչ էլ մոնտաժը, ոչ էլ ձայնը: Ոչ մի բան: Նախարարությունը չի ֆինանսավորել, ոչ էլ մենք ենք որևէ գումար ծախսել, որովհետև այն աստղերը, որոնք համաձայնել են նկարահանվել, կամավոր սկզբունքով են արել՝ իմանալով թեման: Նրանք հանգիստ համաձայնվել են»:
Հասմիկ Բարխուդարյանից միաժամանակ հետաքրրքվեցինք՝ ինչպե՞ս են գնահատաում այն փաստը, որ իրենց պատրաստած սոցիալական հոլովակը միանշանակ չի ընկալվել, հասարակությունն ուղիղ է հասկանում տեսահալովակում նկարահանված արտիստների՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում տանը չմնալու կոչերը:
Նա ասաց, որ պատրաստում են պատասխան: