14/04/2020 17:13
Ուրախությամբ պետք է նշենք՝ կորոնավիրուսն այս պահին Հայաստանում հնարավոր է եղել սանձազերծել․ Գևորգ Պապոյան (Տեսանյութ)
Ավելի շատ առողջացման դեպքեր ենք արձանագրում, քան՝ նոր հիվանդացությունների, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման իրավիճակին։
«Ուրախությամբ պետք է նշենք, որ կորոնավիրուսն այս պահին Հայաստանում, ըստ էության, հաջողվել է սանձազերծել և իրավիճակը 2.4 վարակվածությունից 0.7-0.8-ի է իջել, որի արդյունքում արձանագրում ենք ավելի շատ հիվանդությունից լավացած մարդկանց դեպքեր, քան՝ նոր հիվանդացությունների, ինչն առաջիկա շաբաթների ընթացքում հնարավորություն կտա այդ սահմանափակումները վերացնել։ Դա հնարավորոություն կտա, որ մենք կյանքի նորմալ հուն մտնենք», - ասաց պատգամավորը։
Վերջինս անդրադարձավ այս ընթացքում կառավարության կողմից սոցիալական աջակցության համար մշակված ծրագրերին՝ կարևորելով հատկապես 11-րդ և 12-րդ ծրագրերը։
«Այս և մնացած ծրագրերի միջոցով կառավարությունը փորձում է այս ընթացքում առաջացած խնդիրները լուծել», - ասաց նա։
Հիշեցնենք, որ 11-րդ ծրագրով կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի ու էլեկտրաէներգիայի փետրվարի վարձավճարները, եթե գազը չի գերազանցել 10 հազար, էլէներգիան՝ 5 հազար դրամը։
Իսկ 12-րդ ծրագրով կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի մինչև 30 հազար գազի և մինչև 10 հազար էլեկտրաէներգիայի վարձավճարները։