14/04/2020 15:50
Մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները էլեկտրագնացքներով կերթևեկեն անվճար
Ապրիլի 14-ից մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն:
Ինչպես նշված է «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում:
Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթևեկության ուղղությունը:
Ներկա պահին «ՀԿԵ» ընկերությունը ապահովում է ուղևորների հոսքը Երևանի և Գյումրիի միջև, ինչպես նաև Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղղություններով:
Էլեկտրագնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ ընկերության վեբ-կայքում: