15/04/2020 16:21
Տեղեկությունը, թե վերելակների մրցույթում հաղթելու է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը՝ բամբասանք է. Քաղաքապետարան
Առհասարակ, բամբասանքներ չեմ մեկնաբանում, իսկ մամուլի այդ հրապարակումը, պետք է արձանագրենք, որ ուղղակի բամբասանք է՝ առանց որևէ հիմքի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթելու է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը, որը վերելակները ներկրելու է Թուրքիայից:
«Բաց մրցույթ է հայտարարված, և յուրաքանչյուր ոք, առավել ևս՝ մասնագետները, կարող են ծանոթանալ մրցութային պայմաններին, ձեռք բերվելիք վերելակների համար առաջադրվելիք պայմաններին և համոզվել, որ այդ հրապարակումը բացարձակապես որևէ հիմք չունի: Նույն կերպ այդ հրապարակումը կարող ենք գնահատել որպես լոբբինգ՝ ի օգուտ ուրիշ արտադրողի:
Քաղաքապետարանն այս կամ այն կազմակերպության լոբբինգով չի զբաղվում կամ նախապատվություն չի տալիս: Այո, կան որոշակի չափանիշներ, որոնք վերաբերում են վերելակների անվտանգությանը, արտաքին տեսքին և հայերեն գրությունների կամ ձայնային ազդանշանների առկայությանը:
Որպեսզի համոզվենք, կարող ենք նայել և գնահատել նախորդ մրցույթները: Այնտեղ 20 վերելակից 17-ը ձեռք էր բերվել բելառուսական ընկերությունից, երկուսը՝ չինական, և միայն մեկը թուրքական էր», - ասաց նա:
Հակոբ Կարապետյանը հավաստիացրեց, որ այս պահի դրությամբ մրցույթին հայտ ներկայացրած որևէ ընկերություն կամ անհատ հայտնի չէ, ինքը նման տեղեկություն չունի, որովհետև մրցույթի ժամկետն առայժմ չի սպառվել:
«Մրցութայի հանձնաժողովը պետք է ծանոթանա հայտերին և ըստ հայտերի՝ կատարի ընտրությունը՝ մրցույթի օրենսդրությանը համապատասխանող չափանիշներով: Մամուլի այսօրվա հրապարակման մեջ ասված է, որ, իբրև թե, չափանիշներն այնպես են դրված, որ կարող է հաղթել Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը: Բայց ես ասում եմ, որ դա առանց որևէ հիմքի բամբասանք է», - շեշտեց քաղաքապետի խոսնակը:
Հարցին՝ դատելով նախորդ մրցույթի արդյունքներից՝ ունե՞ն դիտարկումներ, որ թուրքական արտադրության վերելակները համեմատության մեջ անորակ են բելառուսականներից, Հակոբ Կարապետյանը պատասխանեց՝ նման գնահատական չի կարող տալ: