15/04/2020 17:05
Երկու քրեական գործ կա․ Նիկոլ Փաշինյանը՝ քաղավիացիայի ոլորտի խախտումների մասին
Եվրոպական համապատասխան հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում և սա մեկնաբանությունների տեղիք է տալիս, ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ թերություններ են եղել քաղավիացիայի ոլորտում։
«Տեղեկանքում ներկայացված է, թե ինչու չի կարողանում վերահսկել, որովհետև Հայաստանում, օրինակ, Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ավիացիայի կոմիտեն ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու և դրա հետևանքով տեղի են ունցել մի շարք զարգացումներ», - ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ 2019 թվականի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը և դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք է ուղարկել ավիացիայի կոմիտե։
«Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որն ի պաշտոնե պարտավոր էր անմիջապես զեկուցել ավիացիայի կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել։ Նա այդ մասին իմացել է երկու ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ և իրեն դրա մասին տեղյակ են պահել իր եվրոպացի կոլեգաները։ Երբ պարզաբանումերի պրոցես է սկսվել՝ ինչո՞ւ չի զեկուցվել, այդ աշխատողն ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել է և որտեղ խախտումները ներկայացվել են», - ասաց Փաշինյանը։
ԼՀ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե ովքե՞ր են պատասխանտու այդ իրավիճակի համար և արդյոք կան հարուցված քրգործեր՝ Փաշինյանն արձագանքեց․
«Երկու քրեական գործ կա, այս պահին անգիր բովանդակությամբ չեմ հիշում, բայց գիտեմ, որ դրանցից մեկը կապված է այս դրվագի հետ»։
Ավելի վաղ ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ասել էր, թե Հայաստանի ավիացիոն իշխանություններն իրենց պարտականությունները վերջին երկու տարվա ընթացքում չեն կատարել։
Իր հերթին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ընդգծել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Եվրոպական միության զեկույցում որևէ կերպ նշված չէ, որ արձանագրված թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում: