15/04/2020 10:11
«Ժողովուրդ». Մասիս Մայիլյանն արդեն Երևանում է. իր գործունեության մասով որոշակի ճշգրտումներ անելու կարիք կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահի ընտրությունները կայացան. Արայիկ Հարությունյանը, որ առաջին փուլում ստացել էր 49,26 տոկոս ձայն, երկրորդ փուլում ստացել է նախնական հաշվարկով մոտ 88 տոկոս քվե` ընտրվելով Արցախի հանրապետության նախագահ:
Հիշեցնենք, որ թեև քվեաթերթիկում նշված էր թեկնածու Մասիս Մայիլյանի անունը, այնուամենայնիվ, նա անգամ երեկ քվեարկության չի մասնակցել, ավելի վաղ կոչ էր արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին` խուսափելով կորոնավիրուսի տարածումից: Մինչդեռ եթե մի օր առաջ աներ հայտարարությունը, կարող էր ընդհանրապես ընտրություններից հրաժարվել` առավել մեծ օգուտ տալով Արցախին և չվտանգելով արցախցիների առողջությունը: Ինչևէ, կոչի արդյունքում նա ստացել է կրկնակի պակաս ձայներ` հավաքելով մոտ 10 տոկոս քվե` նախնական հաշվարկով:
Ուշագրավ է, որ ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը լուսացրել է Արցախում, իսկ Մասիս Մայիլյանն արդեն Երևանում է, որտեղ կմնա մի քանի օր: Ըստ ամենայնի, հետագա իր գործունեության մասով որոշակի ճշգրտումներ անելու անհրաժեշտություն ունի: Իսկ Արայիկ Հարությունյանն արդեն հայտարարել է, որ Արցախում բոլորն իր բարեկամներն են և պատրաստ է համագործակցել բոլորի` այդ թվում և Մասիս Մայիլյանի և նրան նախորդ փուլում սատարած Սամվել Բաբայանի հետ»: