15/04/2020 19:55
Կորոնավիրուսն է մեղավոր. ամերիկացին կնոջը սպանելու համար «արդարացում» է գտել
Ֆլորիդայի բնակիչ Դեյվիդ Էնթոնին սպանել է կնոջը՝ Գրեթհենին, և փորձել բացատրել նրա անհետացումը կորոնավիրուսային վարակով, հայտնում է «The Independent»-ը:
Ըստ պարբերականի՝ կինն անհետացել է որոշ ժամանակ առաջ: Ոստիկանություն է դիմել վերջինիս ընկերուհին՝ հայտնելով, որ անհետ կորած կնոջից «տարօրինակ տեքստային հաղորդագրություններ» է ստացել, որոնցում ասվում է, որ Գրեթհենը վարակվել է կորոնավիրուսով և գտնվում է հիվանդանոցներից մեկում:
Ոստիկանները ստուգել են հիվանդանոցները, սակայն, իբրև թե, կորոնավիրուսով վարակված այդ կնոջ մասին որևէ տեղեկություն չեն գտել:
Արդյունքում՝ անհետացման կապակցությամբ կասկածի տակ է ընկել նրա ամուսինը՝ Դեյվիդ Էնթոնին:
Նրա կինն ամուսնալուծության համար դիմել էր դեռ փետրվարի 28-ին, զույգը բաժանման եզրին էր:
Ըստ ոստիկանության՝ տղամարդու հեռախոսի մեջ եղած բառարանը ցույց է տվել այն հաղորդագրությունների տեքստերը, որոնք ուղարկվել են անհետ կորած կնոջ ընկերուհուն:
Գրեթհենի հարևանները պատմել են, որ մարտի 21-ին բակում լսել են «սրտաճմլիկ ճիչ»: Մեկ այլ հարևան հաստատել է, որ ինքը նույնպես լսել է ճիչեր և հայհոյանքներ, այնուհետև նկատել է Դևվիդի բեռնատարը տան մոտ:
Խուզարկության ընթացքում տան ներսում հայտնաբերվել է սրբիչ, որն արյան հետքերից ախտահանվել էր:
Հավաքված ապացույցների հիման վրա ոստիկանությունը ենթադրում է, որ Դևվիդ Էնթոնին կարող է կապ ունենալ կնոջ սպանության հետ:
Մարտի 31-ին նա ձերբակալվել է Նյու Մեքսիկոյում: Գրեթհենի դին դեռևս չի հայտնաբերվել: