15/04/2020 17:20
Վերաքննիչ դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը։
«Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, չի վերացվի», - Aysor.am-ին ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Դատական գործը քննում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։