15/04/2020 19:22
ԱՄՆ-ն կասեցնում է ԱՀԿ-ին ուղղվող վճարումները, քանի որ կազմակերպությունն, ըստ Թրամփի, «տարածում էր չինական ապատեղեկատվություն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե կատարվող վճարումները, քանի որ, իր կարծիքով, կառույցը չի կարողացել արդյունավետ գործել կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Իրականությունը հետևյալն է. ԱՀԿ-ն բավարար կերպով չի ստացել, չի ստուգել, ժամանակին և թափանցիկ չի տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը: Աշխարհն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ այնպես, որ միջազգային առողջապահական սպառնալիքների մասին ճշգրիտ տեղեկատվությունը տարածվի ժամանակին: ԱՀԿ-ն իր պարտավորությունները չի կատարել և պետք է պատասխանատվություն կրի, ժամանակը եկել է», - հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ՄԱԿ-ի գործակալությունը տարածում էր չինական ապատեղեկատվություն, ինչը հանգեցրել է համաճարակի այսչափ տարածմանը:
Թրամփը կարգադրել է դադարեցնել ֆինանսավորումը, մինչև բացահայտվի կազմակերպության դերն այն գործընթացում, որի հետևանքով կորոնավիրուսը տարածվել է Չինաստանից դուրս ամբողջ աշխարհում:
Նշենք, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշորագույն աղբյուրներից է: Միայն նախորդ տարի ԱՄՆ-ի ներդրումը կազմել է 400 միլիոն դոլար, կամ կազմակերպության բյուջեի 15 տոկոսը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հիմա կորոնավիրուսի դեմ պայքարող ԱՀԿ-ի կամ ցանկացած հումանիտար կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու ժամանակը չէ:
«Այժմ վարակի տարածումը կանխելու, հետևանքները վերացնելու համար միասնականության և միջազգային հանրության համատեղ աշխատանքի ժամանակն է», - գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերում է «Reuters»-ը: