15/04/2020 12:40
Ինչո՞ւ է կառավարությունը զգուշավորության քաղաքականություն վարում կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ․ պարզաբանում է պատգամավորը
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը խորհրդարանում անդրադարձավ հանրության շրջանում տարածված այն լուրերին, որ դպրոցների, համալսարանների, աշխատատեղերի բացումը թույլ կտա կորոնավիրուսի դեմ իմունային պատ ձևավորել՝ կանխարգելելով վարակի հետագա տարածումը։
«Մեր հանրության մեջ կա որոշակի դժգոհություն՝ մարդկանց աշխատատեղերի առումով։ Կառավարությունը հիմա զգուշավորության քաղաքականություն է վարում, մենք դանդաղ ենք գնում դեպի բացմանը։ Վատագույն սցենար կլինի, որ հիվանդությունների քանակն այնքան աճի, որ դրանք անցնեն սպասարկելի մահճակալների քանակին։ Դա է պատճառը, որ այդ բացումը կառավարությունն իրականցնում է զգուշավոր։ Հիմա վարակակիրների քանակը շատ ավելի ցածր է, քան՝ մահճակալների քանակը։ Կարևոր է՝ մեր քաղաքացիները ըմբռնեն այս քաղաքականությունը», - ասաց Ենգիբարյանը։
Անդրադառնալով հանրության այն հատվածի պնդումներին, որ կորոնավիրուս իրականում գոյություն չունի՝, պատգամավորն ասաց․
«Հարգելի քաղաքացիներ, մահանում են մարդիկ ամբողջ աշխարհում, շատ լուրջ պետություններ են կանգնած այսօր այդ վտանգի ու մարտահրավերի առաջ։ Ասել, որ մարդիկ միշտ էլ մահանում են, նույնն է, որ մի սերիական մարդասպան հայտնվի փողոցներում, մարդ սպանի, մենք էլ բացենք վիճակագրությունն ասենք՝ «դե լավ, վեց հոգի ա ընդամենը վիճակագրության մեջ, բան չի փոխվում, եկեք բան չձեռնարկենք»։ Այնպես որ, ամեն ինչ ճիշտ է, մենք բոլորս բացման կողմնակից ենք, բայց ժամանակի ու տրամաբանության մեջ», - եզրափակեց պատգամավորը։