16/04/2020 20:10
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն աշխատանքները կավարտի հունիսի 4-ին․ Քոչարյան (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանին բազմաթիվ հարցեր են ուղղվել, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն և ամբողջական կլինեն, երբ մենք լսենք այլ պաշտոնյաների։ Պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ կան մեր մի շարք հարցերի պատասխանները։
Նա պատասխանել է իրեն ուղղված հարցերին այնքանով, որքանով ինքը տիրապետում է, բայց կան բաներ, որ կարող է չհիշել կամ նրան զեկուցած չինեն։ Հիմա մեզ հետաքրքիր է՝ չե՞ն զեկուցել, թե՞ չի հիշում։ Մեր աշխատանքային մթնոլորտը եղել է այդպիսին։ Կգա մի օր, երբ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, ամբողջական կլինեն ու հանրությանը հասանելի, որ մենք կհասկանանք մեր թերությունները, դրանց վերացումը, որպեսզի այլևս չկրկնվեն այն իրողությունները, որ մեր ժողովուրդը տեսավ 2016թ.-ի ապրիլին», - ասաց նա։
Հարցին՝ Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է, որ բացթողումներ է ունեցել, Քոչարյանը պատասխանեց.
«Այո»։
Ճշտող հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի պատասխանները նոր բացահայտումների հանգեցրեցին, քննիչ հանձնաժողովի նախագահն արձագանքեց.
«Ինչ-որ չափով՝ այո։ Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված էր և մինչև մեր աշխատանքների սկսվելը ներածական խոսքով հանդես եկավ, որը կկցվի մեր եզրակացությանը»։
Դիտարկմանը, թե Բակո Սահակյանը ցանկություն է հայտնել մասնակցել հանձնաժողովի նիստերին, մինչդեռ նա հրավեր չի ստացել, Քոչարյանն արձագանքեց.
«Բացի Բակո Սահակյանից՝ Արցախում էլի կան պաշտոնյաներ, որոնք ցանկություն են հայտնել, որ անպայման մասնակցեն»։
Քոչարյանն ընդգծեց՝ հանձնաժողովի աշխատանքները վերջնական փուլում են։
«Մենք մեր աշխատանքը կավարտենք հունիսի 4-ին»։