16/04/2020 10:24
Խորհրդարանն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը (Տեսանյութ)
Խորհրդարանը 99 կողմ, 1 դեմ և 15 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Օրենքի նախագիծը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերությունները:
Մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:
Համաձայն նախագծի՝ գույքի շեմը 25 մլն ՀՀ դրամից վերանայվել է՝ սահմանվելով 50 մլն:
Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը: Հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը: