16/04/2020 16:41
Գիտնականները պարզել են, երբ են COVID-19-ով հիվանդներն առավել վարակիչ
Կորոնավիրուսի փոխանցման դեպքերի գրեթե կեսը տեղի է ունենում նախքան վարակակրի մոտ դրա առաջին ախտանշանների ի հայտ գալը: Այս մասին ասված է Գուանչժոուի և Հոնկոնգի համալսարանների համաճարակաբանների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել ապրիլի 15-ին՝ «Nature Medicine» ամսագրում:
Գիտնականներն այդ եզրակացությանն են եկել 94 հիվանդների անալիզների վերլուծության արդյունքում, որոնց մոտ COVID-19-ը հայտնաբերվել է վաղ փուլում:
Ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ մարդու մարմնում վիրուսային մասնիկների առավելագույն քանակը ձևավորվում է վարակման առաջին օրերին, և դրանք այլ անձի փոխանցելու վտանգը գագաթնակետին է հասնում ախտանշանների առաջացման պահից 0,7 օր առաջ:
Համաճարակաբանները հաշվել են, որ վիրուսի փոխանցման դեպքերի 44%-ը տեղի է ունեցել մինչև վարակակրի մոտ առաջին ախտանշանների հայտնվելը:
Գիտնականները նշում են, որ ուսումնասիրության արդյունքները կարող են օգտագործվել COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների կատարելագործման համար: