Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ Հայաստան է բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ։
«Երեկ Չնաստանից ժամանած ևս մեկ ինքնաթիռով ներկրել ենք 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին», - ասաց նա։
Ավինյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր Հայաստանում։
«Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ֊որ սպասում ենք», - ասաց Ավինյանը, անդրադառնալով Հայաստանում թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց՝ եթե դրությունը լավատեսական սցենարով զարգանա, Հայաստանը հակառակը կանի՝ կսկսի փոշեկուլի վերածել դա։
Նշենք, որ կառավարությունը որոշեց թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1043 «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված գումարից Թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով`2020 թվականի առաջին կիսամյակում «Ինժիներական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը առանց մրցույթ որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ։
«Ինժիներական Ասոցիացիա» ՀԿ-ն սույն դրամաշնորհի շրջանակներում պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց կողմից ներկայացված համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները:
Դրամաշնորհի շրջանակներում պարտավորվում է կազմակերպել ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: