16/04/2020 21:52
Ապրիլի 17-ից 21-ը Վրաստանում արգելվում է թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել խստացնել կարանտինային միջոցառումները և արգելել Զատկի գալիք օրերին երթևեկել թեթև մարդատար ավտոմեքենաներով:
Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 17-ի ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ, արգելվում է թեթև մարդատար ավտոմեքենաներով երթևեկել Վրաստանի ամբողջ տարածքով: Այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի խոսնակ Իրակլի Չիկովանին հատուկ ճեպազրույցի ժամանակ:
«Այս սահմանափակումը չի տարածվում ապրանքների տեղափոխման, ինչպես նաև՝ մանրածախ օբյեկտներին աջակցող ծառայությունների վրա: Դեղատներն ու մթերային խանութները կգործեն բնականոն», - նշել է Չիկովանին:
Բացի այդ, ապրիլի 17-ից բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառում փակ տարածքներում պաշտպանիչ դիմակ կրել:
Այս կարգադրության իրականացման համար պատասխանատվությունը կրելու են իրավաբանական անձինք:
Չիկովանին ընդգծել է, որ Վրաստանում այսօր արդեն արձանագրված է կորոնավիրուսային վարակի 348 դեպք:
Միևնույն ժամանակ, երկու անգամ գրանցվել են, այսպես կոչված, վերելքներ, երբ 30 վարակված է հայտնաբերվել մեկ օրում:
Մեկ շաբաթում Վրաստանում արձանագրվել է վարակի 140 դեպք, ինչը վկայում է վիրուսի ակտիվ ներքին փոխանցման մասին, ասել է Չիկովանին՝ բացատրելով կարանտինային միջոցառումները խստացնելու կառավարության որոշումը: