16/04/2020 16:11
Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է կորոնավիրուսի արհեստական ծագման մասին լուրերը
Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից կորոնավիրուսի վարակի արտահոսքի մասին վարկածը ոչ մի ապացույց չունի, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Այդպես նա մեկնաբանել է ամերիկյան «Fox News» հեռուստաալիքի հրապարակումը, ըստ որի՝ կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդն աշխատել է Ուհանի վարակաբանական ինստիտուտի լաբորատորիայում:
Չժաո Լիցզյանն ընդգծել է, որ վիրուսի ծագմանն ու դրա փոխանցման աղբյուրներին վերաբերող հարցերը պետք է ուսումնասիրեն գիտնականները:
«Ցանկանում եմ ձեր ընդհանուր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ԱՀԿ-ն բազմիցս հայտարարել է՝ չկա որևէ ապացույց, որ վիրուսը լաբորատորիայում է ստեղծվել: Աշխարհահռչակ շատ փորձագետներ ևս այդպես են կարծում», - նշել է դիվանագետը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի վերջին Ուհանում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի բռնկում: Տարվա վերջին օրը Չինաստանի իշխանությունները տեղեկացրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հիվանդության մասին, իսկ երկու ամիս անց՝ մարտի 11-ին, աշխարհում հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիա: