16/04/2020 11:04
Համակարգն այս պահին չունի իրացվելիության խնդիր, շուկաները գործում են բնականոն․ ԿԲ նախագահի թեկնածու
Շատ տնտեսագետների կանխատեսումներով՝ կորանվիրուսի հետևանքով տնտեսական աճի անկումը լինելու է շատ ավելի խորը, քան 2008-2009 թթ․ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ, ԱԺ-ում հայտարարեց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։
Վերջինս նկատեց, որ ԿԲ-ն ստեղծված իրավիճակում կարողացել է ճիշտ քայլեր մշակել։ Մասնավորապես, Գալստյանն ընդգծեց, որ ԿԲ-ն վերաֆինասավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշում կայացրեց, ինչը ստեղծված իրավիճակում ոչ պահպանողական քայլ էր։
«Տարածաշրջանի շատ գործընկերներ, բախվելով ազգային արժույթների արժեզրկման ճնշումներին, չգնացին այս քայլին, ՌԴ և Վրաստանի ԿԲ-ները չիջեցրեցին տոկոսադրուքը, իսկ Ղազախստանինը նույնիսկ ստիպված եղավ բարձրացնել այն», - ասաց նա։
Գալստյանի խոսքով՝ շուկաներում կայունության պահպանումը ԿԲ-ն համակարգին տրամադրեց իրացվելիության անհրաժեշտ քանակ թե ազգային արժույթով, թե արտարժույթով։
«Համակարգն այս պահին չունի իրացվելիության խնդիր, իսկ շուկաները գործում են բնականոն ռիթմով», - ասաց նա՝ ընդգծելով, որ քայլերի վերաբերյալ միջազգային գործընկեների գնահատականը դրական է։