16/04/2020 17:17
Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ վերահաստատելով ՀՀ հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին:
Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում նշել է.
«Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների հետևանքով խոցելի դարձած մարդկանց համար:
Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, և առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը և հասանելիությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց:
Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից:
Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին:
Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ հակամարտության կողմերի համար»: