16/04/2020 11:54
Չեմ կարծում, որ եթե ապրիլի 24-ին մեր էմոցիոնալ արդյունքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության մեր նահատակների հոգիները ավելի հանգիստ կլինեն. Փաշինյան
ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով այսօր մահվան միջին տարիքը 74,6 է, և մենք պետք է հասկանանք, որ մեր գործողությունների պատճառով կարող են մահանալ ավագ տարիքի մերձավոր հարազատները և սրա բարոյական հետևանքների մասին է պետք մտածել, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ռազմավարությունն այն է, որ մենք վիրուսին զուգահեռ պետք է ապրենք, բայց, որպեսզի աղետներ չբերենք մեր գլխին, անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրրը առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի իր վարքին: Առաջիկայում շատ կարևոր հիշատակի օրեր, տոներ ունենք, և եթե գտնվենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել մեր գլխին: Առաջիկայում ապրիլի 24-ն է և ես չեմ կարծում, որ եթե այդ օրը մեր էմոցիոնալ արդյունքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության մեր նահատակների հոգիները ավելի հանգիստ կլինեն», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում:
«Հիմա մենք ամսի 20-ից պետք է հնարավորություն տանք տեքստիլ գործարաններին աշխատել, բայց եթե գործատուները և աշխատողները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը աղետալի հետևանքների է բերելու», - ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այս պահին պարետատունը, առողջապահության նախարարությունը կարողացել են համաճարակը առնել հսկողության տակ:
«Այս փուլից սկսած` յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունն է պետք, որ իրավիճակը նեգատիվ առումով չփոխվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։