17/04/2020 12:56
Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը. Աննա Նաղդալյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է:
Անդրադառնալով Ադրբեջանի բացասական արձագանքին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է.
«Այս առումով կուզենայի շեշտադրումներ կատարել միայն երկու հանգամանքի վրա: Առաջին, Ադրբեջանի բարձրագույն իշխանություններն Արցախի ընտրությունների համատեքստում կոշտ գնահատականներ են հնչեցրել մարդու իրավունքների եվրոպական կառույցների հասցեին: Սա, իհարկե, պատահական չէ, քանի որ մարդու իրավունքների եվրոպական կառույցների կողմից այս տարի փետրվարին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականը փաստեց այդ ընտրությունների խիստ ցածր լեգիտիմությունը:
Ակնհայտ է, որ այն երկրում, որտեղ երբևէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձևավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք:
Երկրորդ, Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից և ուղղակի խեղաթյուրումից:
Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը և Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող և հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձևավորումը խիստ կարևոր է հակամարտության վերափոխման և ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին և ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարևոր քայլը»: