17/04/2020 10:06
«Հրապարակ». Ավինյանը հրաժարվել է կատարել Փաշինյանյանի այդ պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Դուբայից հետ է կանչել իր երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանին, որ նա օգնի պարետատան աշխատանքներին: Պարետատանը մոտ 20 երիտասարդներ են աշխատում և գործը կազմակերպելու լուրջ դժվարություններ են ունեցել, իսկ Մուրադյանն ապարատային աշխատանքի մեծ փորձ ունի։ Սակայն, պարզվում է, Նիկոլ Փաշինյանն անբացատրելի հակակրանք ունի նրա նկատմամբ և տեղեկանալով, որ Ժորիկն օգնում է Ավինյանին, իր մոտ է կանչել Ավինյանին և հանձնարարել՝ կառավարության շենքից վտարել Մուրադյանին։
Ավինյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ ասելով, որ ինքն է խնդրել, որ նա հետ գա Դուբայից և օգնի իրենց։ Վարչապետն ասել է՝ ուրեմն իմ անվտանգության աշխատողները կանեն դա, և թիկնապահներին ուղարկել է իր հանձնարարությունը կատարելու։ Բայց մինչ նրանք կգնային, Մուրադյանին տեղեկացրել են վարչապետի հանձնարարականի մասին, և նա ինքն է իրերը հավաքել ու հեռացել կառավարության շենքից։
Երեկ մենք կապվեցինք Մուրադյանի հետ. «Ճի՞շտ է, որ էլ չեք աշխատում պարետատանը»։ «Ես չէի էլ աշխատում, այլ որպես վալանտյոր՝ կատարում էի և շարունակում եմ կատարել պարետի հանձնարարությունները, կամավորական գործունեություն է»: «Այսինքն՝ Դուք գնո՞ւմ եք կառավարություն»։ «Իմ գործունեությունն այնպիսին է, որ պարտադիր չէ գնամ… այո, ֆիզիկապես այլևս պարետատանը չեմ լինում», - ասաց Մուրադյանը»: