17/04/2020 13:15
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը
ԱԺ-ում այսօր կայացած քվեարկության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը:
Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: Քվեատուփը բացելուց հետո պարզ է դարձել, որ այնտեղ առկա է ճիշտ նույնքան քվեաթերթիկ, որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել:
«Կողմ է քվերակել 104, դեմ՝ 15 պատգամավոր», - ասաց Հովակիմյանը:
Մարտին Արտաշեսի Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին:
1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Այնուհետև սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար: 2018- թ-ից առ այօսր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:
Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս:
Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն, կլաստերներ և տնտեսական զարգացում» առարկան Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով: 2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս:
Ներգրավված է հասարակական գործունեության մեջ:
Մասնակցել է 50-ից ավել միջազգային մասնագիտական միջոցառումների, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: