17/04/2020 12:26
Շահարկողները պետք է պատասխան տան, որովհետև բանակի անվան հետ են խաղացել. Էդմոն Մարուքյան
Եթե ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը թերություններ գտնի, մենք՝ որպես պետություն, և բանակը, պետք է դրանից հետևություններ և շտկումներ անենք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ կայացած հանձնաժողովի նիստին:
«Ապրիլյան պատերազմի և ժամանակ, և դրանից 4 տարի հետո ինչ հայտարարություն ասես, որ չի եղել՝ տանկերի մեջ վառելիք չի եղել, զինվորները կռվել են բահով, ուտելիք չեն ունեցել… Բայց Անդրանիկ Քոչարյանն ասեց, որ նման փաստեր չեն հաստավել: Եթե հանձնաժողովը խորհրդարանին նման եզրակացություն տա, նշանակում է՝ այսքան տարի այդ հանգամանքները շահարկվել են, և շահարկողները պետք է պատասխան տան, որովհետև բանակի անվան հետ են խաղացել:
Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ հանձնաժողովի զեկույցն ունենանք, և այդ էջը դրանով փակենք՝ ապագայի համար դասեր քաղելով», - ասաց Մարուքյանը: