17/04/2020 19:33
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում ճգնաժամի հաղթահարման նպատակով
Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Այս մասին տեղեկություն է տարածել ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագիրը։
Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։
Այդ մասին հայտարարվեց EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվեց COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի` առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին. այն է՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:
Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են երկանիվ տրակտորների և տնկիների տրամադրում, Կառավարության աշխատակազմի կարողությունների զարգացում, գյուղատնտեսական փոքր սարքավորումների և գործիքների տրամադրում, հետ-բերքահավաքում ներգրավված դերակատարներին աջակցություն, Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերի մասին բուկլետների հրատարակում, արտադրության ընթացքում վիրուսի անվտանգության կանոնների մասին իրազեկում, տեխնիկական աջակցություն (հեռավար մասնագետների խորհրդատվություն և բիզնես մոդելների մշակում) Կառավարության կողմից պոտենցիալ ֆինանսական օժանդակություն ստացող արտադրողներին, հատկապես անապահով խավերին:
Ներկայացված կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումները ֆինանսավորվելու են EU-GAIA ծրագրի ներկայիս միջամտության տրամաբանության և բյուջեի շրջանակներում։ Միջոցառումներն ուղղված են հատկապես ծրագրի թիրախային մարզերում ստեղծված իրավիճակում առավել սոցիալ-տնտեսական խոցելի խմբերի համար: Միջոցառումներն առաջարկվել և իրականացվելու են Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։
EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի նիստը նախագահում էին Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան և Միջազգային օգնության / համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բագիոլին: Առցանց հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արտյոմ Շահվերդյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երևանյան գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ՄԱԶԾ ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը և այլ ներկայացուցիչներ:
Անդրադառնալով Խորհրդատվական հանձնաժողովի նիստի արդյունքներին՝ Անդրեա Բագիոլին հիշեցրեց, որ EU-GAIA ծրագրի միջամտությունը նաև հաշվի է առնում կլիմայի փոփոխության մեղմացման և ադապտացման (հարմարվողականության) միջոցառումները, ներառյալ կլիմայի փոփոխության հանդեպ դիմացկուն սերմերի ներդրումը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը և կենսաբազմազանության պաշտպանությունը, ռեսուրսախնայող (էներգաարդյունավետ) տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի խթանումը:
Այս առումով, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում COVID-19 ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված համապարփակ աջակցության միջոցառումների շրջանակներում կարող են ներառվել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի առաջարկությունները, այն է՝ սկսել քննարկումները մերձափնյա և անտառաշերտ գոտիներում լայնածավալ ծառատունկ իրականացնելու ուղղությամբ, որպես խոցելի խմբերի անմիջական սոցիալ-տնտեսական աջակցության միջոց, ինչպես նաև ստեղծել համընդհանուր կապ Սեվանի լճի տարածաշրջանում գյուղատնտեսական միջամտությունների և ջրի մաքրման նախագծի միջև: