18/04/2020 11:41
Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000. Նախարար
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է, հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք:
Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը՝ կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության՝ մարդուց մարդ փոխանցումը, ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև՝ ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով:
Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումն օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ մեր երկրում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացն իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ՝ մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար», - նշել է նախարարը։