20/04/2020 16:29
Ովքեր համարձակվում են ասել, որ Փաշինյանի աչքի վերևն ունք կա՝ ուղղակի կատաղածներ են, նախկին ռեժիմի մնացուկներ. Աննա Իսրայելյան
Հանրահայտ ճշմարտություն է՝ ով վարչապետ Նիկոլ Փաշինյանին սրբի տեսքով է նկարում, նրա պատկերը շապիկների ու գլխարկների վրա է տպում, նրա անունով երդվում և այլն, դա անում է իբրև «նվիրյալ» և անվարձահատույց: Իսկ ով համարձակվում է ասել, որ իր աչքի վերևն ունք կա, որ իր անորակ կադրերը միայն եթերում չեն և այլն, իրենք ուղղակի կատաղածներ են, նախկին ռեժիմի մնացուկներ են, քանի որ փող չեն ստանում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքերին՝ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող է ստացել։ Հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։
«Հասցեական, անվանական հայտարարություններ հնչեցնելու հորդորի փոխարեն ուղղակի մի բան առաջարկեմ. «Չէին սպասում» հաղորդաշար կար, ժամանակին և իր բնակարան էին այցելել, և մեզնից շատերի, օրինակ՝ նաև իմ: Ես 30 տարուց ավելի է՝ լրագրող եմ և ամբողջ կյանքումս երկու տեղ եմ աշխատել: Համեմատեք ու շատ հարցերի պատասխաններ կստանաք», - նշեց մեր զրուցակիցը՝ թեմայի շուրջ իր ասելիքը սահմանափակելով այսքանով:
Հիշեցնենք, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ վարչապետին հորդորում է չպիտակավորել իր նախկին գործընկերներին և օդում կախված լուրեր չհայտնել։
«Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել։ Այդպիսով` Նիկոլ Փաշինյանը կօգնի հայրենական լրատվությանը, հակառակ դեպքում՝ ստացվում է, որ վարչապետն անհիմն է պիտակավորում լրատվականներին և լրագրողական համայնքին։ Նման գործելաոճը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից և, փաստացի, կանխակալ վերաբերմունք է ստեղծվում այս կամ այն լրատվականի համար», - նշված է հայտարարության տեքստում։