20/04/2020 22:51
Կան մարդիկ, որոնք իրենց երիատասարդական խանդավառությունը փորձում են բավարարել եկեղեցու հաշվին. արքեպիսկոպոս Աջապահյան
Կարծում եմ, որ մեր ելույթները տեղ հասան, և մարդիկ իրենց հետևություններն արել են։ Գուցե, մենք հրապարակային ներողության էինք սպասում, բայց, եթե մարդիկ հասկացել են իրենց սխալը, ոչինչ, թող ներողություն չխնդրեն, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Վեհափառի դեմ սանձազերծված արշավին ու հոգևոր դասի պատասխանին, գրում է Tert.am-ը։
Ըստ նրա, կան մարդիկ, ովքեր իրենց երիատասարդական խանդավառությունը փորձում են բավարարել եկեղեցու հաշվին․ «Եկեղեցին պատրաստ է նման բաների՝ և՛ դիմագրավելու, և՛ պատասխանելու, և՛ ներելու, ինչը և մենք արեցինք»։
Դիտարկմանը՝ ո՞ր ժամանակաշրջանի հետ կհամեմատեք Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է. «Ինչպես 1920-ականներին հեղափոխականները եկան իշխանության և իրենց առաջին թիրախն ընտրեցին եկեղեցին, այդպես էլ այսօր է։ Զուգահեռներ շատ կան, բայց Աստված չանի, որ այս ամենի հետևանքներն էլ լինեն նույնական»։
Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ եկեղեցու դեմ գնալ, եկեղեցու հետ կռվելը գուցե ժամանակավորապես հաջողվի, բայց երկար պայքարել հնարավոր չէ։