20/04/2020 20:36
Հիմնական հերոսների կյանքի պատմությունը որտեղ ընդհատել ենք՝ շարունակելու ենք. «Թղթե երազանք»-ը նոր եթերաշրջան կունենա
2019 թվականի սեպտեմբերին «Շանթ » հեռուստաընկերությունը հեռուստադիտողի դատին հանձնեց «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը, որը շատերի սրտին «դիպավ»: Հետերկրաշարժյան Գյումրի, սոցիալական վատ պայմաններ, թղթին հանձված մանկական երազանք, նպատակի իրականացում, սեր ու, իհարկե, գյումրվա կոլորիտ ու հումոր… ֆիլմն առանձին-առանձին՝ այս ամենի, և այս ամենի ընդհանրության մասին էր: Թվում էր, թե 24 մասով այն պետք է ավարտին հասցվեր, հատկապես, որ այդ 24 մասերի ընթացքում հեռուստադիտողը դարձավ հերոսների ոչ միայն մանկության, այլև՝ երիտասարդության ականատեսը…
Օրերս՝ բազմասերիանոց ֆիլմի ցուցադրումից շուրջ մեկ տարի անց, հայտնի դարձավ, որ թղթե երազանքը պատրաստվում է իր երկրորդ՝ ևս 24 մասից բաղկացած եթերաշրջանին. սցենարն արդեն պատրաստ է, սակայն երկրում եղած արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ դերասանների քասթինգն ու նկարահանման ընթացքը հետաձգվել է:
Թեմային մանրամասն ծանոթանալու նպատակով Aysor.am-ը զրուցել է սցենարիստ Անի Մաղաքյանի հետ:
- Անի, «Թղթե երազանքի» պրեմիերայից մոտ 8 ամիս է անցել: Ե՞րբ և ինչո՞ւ որոշվեց, որ այն պետք է երկրորդ եթերաշրջան ունենա:
- Երբ առաջին եթերաշրջանի «պրոդուկտն» արդեն պատրաստ էր, զգում էինք, որ լավ բան ենք ստացել: Կանխատեսում էինք, որ եթեր գնալուց հետո դրական արձագանք է լինելու, ինչն էլ հետագայում հաստատվեց: Մինչև սերիալի՝ էկրաններին հայտնվելը, քննարկում էինք, որ արժանի շարունակության գաղափար ունենալու դեպքում կարելի է նաև երկրորդ եթերաշրջան ունենալ: Վերջնական որոշումը, որ «Թղթե երազանք»-ի շարունակությունն անհրաժեշտություն է, «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանն էր:
Խոստովանեմ, որ մտավախություն ունեինք՝ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե առաջին եթերաշրջանի հաջողության շղարշի տակ փորձում ենք նոր էմոցիաներ կորզել, արհեստական շարունակություն տալ: Բայց երբ ներկայացրեցի շարունակության տարբերակը՝ նոր պատմությունը, այն քննարկեցինք ռեժիսորի ու պրոդյուսերի հետ, հասկացանք, որ իսկապես ոչ թե հեռուստադիտողի սերը շահարկելու, մանիպուլյացիա ենք անելու, այլ լավ, արժանի շարունակություն ենք տրամադրելու: Ու որոշեցինք երկրորդ եթերաշրջան ունենալ:
- Իսկ չկա՞ մտավախություն, որ շարունակությունը կարող է նախորդից ստացած լավ տպավորությունը «փչացնել»:
- Սա արդեն իմ երկրորդ նախագիծն է, որը երկրորդ եթերաշրջան է ունենում, ու այդ զգացողությունն, այդ վախն ինձ շատ ծանոթ է՝ հանկարծ հեռուստադիտողին չհիասթափեցնեմ: Կոնկրետ այս նյութի առանձնահատկությունն այն է, որ ի սկզբանե այն բավական ծավալուն է ու ասելիքով, սյուժետային զարգացումների, ասելիքի ընդարձկման լայն հնարավորություն ունի: Երբ առաջին եթերաշրջանի նկարահանումներն ավարտել էինք, մենք էլ էինք քննարկում, որ հերոսի և՛ մանկության, և ուսանողության տարիները կարելի էր ավելի շատ ներկայացնել: Զգացինք, որ չենք տեղավորվել այդ 24 մասերի մեջ… Անժխտելի է, որ համաշխարհային սերիալարտադրության մեջ եզակիր դեպքերում է, որ առաջինին հաջորդող եթերաշրջանները հաջողված են լինում: Որքան եթերաշրջանները շատ են, այնքան հեռուստադիտողի կողմից հիասթափություն է նկատվում, քանի որ նրանք սովոր են արդեն իսկ իրենց ճանաչած հերոսներին ու դժվարությամբ են ընկալում, որ ինչպես կյանքում, այնպես էլ սերիալներում հերոսները փոխվում են: Հուսով եմ՝ մեզ մոտ այդ դեպքը չի լինի, քանի որ նախորդ եթերաշրջանի «պոչից» ինչ-որ բան չենք կպցնելու, այլ պատմությունը շարունակվելու բազմաթիվ շերտեր ուներ:
- Նոր եթերաշրջանում նորությունները շա՞տ են:
- Իհարկե, չէ՞ որ մեծացրել ենք պատմության աշխարհագրությունը, նոր կերպարներ ենք ավելացրել, նոր սյուժետային գծեր ենք առաջ քաշել, որոնք պետք է որ ավելի հետաքրքիր լինեն...
- Իսկ մեր իմացած հերոսներից շատե՞րը դուրս կմնանա նոր պատմությունից:
- Հիմնականում բոլոր կերպարները պահպանվել են: Առաջին եթերաշրջանում բոլորի պատմություններն էլ, կարելի է ասել, անավարտ են մնացել ու «բացելու» տեղ ունենք: Հեռուստադիտողի մոտ չեն առաջանա հարցեր, որոնց պատասխանները չունենք:
- Գիտեմ, որ առաջին եթերաշրջանի պատմությունը հնարածին չէր, «Թղթե երազանք»-ն իրական պատմության վրա էր հիմնված: Որքանո՞վ է երկրորդ եթերաշրջանն առաջինի տրամաբանական շարունակությունը, այստեղ տեղ գտած պատմություններն էլ են իրականությունի՞ց վերցված:
- Նախ ասեմ, որ առաջին եթերաշրջանի պատմությունն այնքանով էր իրական, որ հերոսն ուներ նախատիպ, սակայն իրադարձություններին գեղարվեստական լուծումներ էին տրված: Սա կենսագրական ֆիլմ չէր: Երկրորդ եթերաշրջանում հորինվածքն ավելի շատ կլինի, քանի որ, նախ՝ սյուժետային նոր գծեր են լինելու իրենց պատմություններով, որոնց հերոսները հստակ նախատիպեր չունեն: Իհարկե, նորից շատ դրվագներ վերցրել եմ իմ մանկությունից, միջավայրից, բայց դրանք ընդհանրական են ներկայացվելու, առանձին պատմություններ չեն: Մի բան հաստատ է՝ սա առաջին եթերաշրջանի տրամաբանական շարունակությունն է. մեր հիմնական հերոսների կյանքի պատմությունը որտեղ ընդհատել ենք՝ շարունակելու ենք, միևնույն ժամանակ սերիալը հագեցած կլինի երկորդական կերպարների պատմություններով:
- Փաստորեն բոլոր նրանք, ովքեր չեն նայել առաջին եթերաշրջանը, երկրորդը հասկանալու համար պետք է այս ընթացքում լրացնեն այդ բացը:
- Ցանկալի է, այդպես սերիալն իրենց համար ամբողջական կդառնա: Միևնույն ժամանակ, այնպես չէ, որ նախորդը նայած չլինելը կխանգարի հաջորդը հասկանալուն. որքան էլ սա նախորդի շարունակությունն է, այնուամենայնիվ, ինքնուրույն պատմություն է: (մտածում է - հեղ.) չնայած, որքան էլ ես հակված եմ նրան, որ սա առանձին պատմություն է, երևի միայն նկարահանումներն ավարտելուց հետո կհասկանանք՝ կարո՞ղ է որպես ինքնուրույն միավոր երկրորդ եթերաշրջանը գոյություն ունենալ, թե՝ ոչ (ժպտում է- հեղ.):
- Այժմ աշխատանքների ո՞ր փուլում եք:
- Սցենարն արդեն պատրաստ է, բայց դերասանների քասթինգի աշխատանքները հետաձգվեցին՝ պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Ես էլ, առիթից օգտվելով, շարունակում եմ էլ ավելի հղկել պատմությունները: Սցենարն այնպիսի մարմին է, որ ինչքան էլ պատրաստ լինի ու քեզ թվա՝ վերջնական է, միևնույն է՝ խմբագրելու, մշակելու մի բան կգտնես:
«Թղթե երազանք»-ի ռեժիսորը Գարրի Զաքարյանն է, պրոդյուսերը՝ Հունան Սողոյանը: Երաժշտությունը վստահվել է Գիսանե Պալյանին: