20/04/2020 13:52
Նմանատիպ բառապաշարը հարիր չէ վարչապետին, և, առհասարակ, լեքսիկոնի վերանայման կարիք կա. Աշոտ Մելիքյան
Նմանատիպ բառապաշարը հարիր չէ վարչապետին, և կարծում եմ՝ առհասարակ, լեքսիկոնի վերանայման կարիք կա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հետևյալ խոսքերին՝ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում. ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։
«Նմանատիպ հայտարարությունները պետք է հասցեական լինեն, եթե, իհարկե, նման փաստեր կան: Բայց մենք գիտենք, որ նախորդ իշխանությունների օրոք, իսկապես, մի շարք նախարարություններից՝ ինչպես օրինակ Սփյուռքի, Մշակույթի նախարարություններից, Երևանի քաղաքապետրանից և այլն, բազմաթիվ լրատվամիջոցներ, տարբեր պայմանագրեր կնքելով, ֆինանասավորում են ստացել: Հիմնականում դա առօրյա գործունեություն է եղել», - ասաց մեր զրուցակիցը:
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ Հայաստանում լրատվական դաշտն, առհասարակ, շատ վաղուց բևեռացված է, և ԶԼՄ-ները բաժանված են՝ ըստ քաղաքական և տնտեսական ճամբարների՝ ֆինանսավորվելով քաղաքական հովանավորների կողմից:
«Ամենայն հավանականությամբ՝ վարչապետը դա է նկատի ունեցել: Մեծ հաշվով, իհարկե, դժվար չի լինի, նույն այդ նախարարությունների և քաղաքապետարանի պայմանագրերը և ցուցակները հրապարակել: Կարծում եմ՝ դա ավելի ազնիվ կլինի: Հանրությունը կիմանա, թե վարչապետն ինչ է նկատի ունեցել: Բայց անհասցե, կարծում եմ, տեղին չէ բոլորին միանգամից մեղադրելը», - նշեց ԽԱՊԿ ղեկավարը:
Հիշեցնենք, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ վարչապետին հորդորում է չպիտակավորել իր նախկին գործընկերներին և օդում կախված լուրեր չհայտնել։
«Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել։ Այդպիսով` Նիկոլ Փաշինյանը կօգնի հայրենական լրատվությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ վարչապետը անհիմն է պիտակավորում լրատվականներին և լրագրողական համայնքին։ Նման գործելաոճը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից և, փաստացի, կանխակալ վերաբերմունք է ստեղծվում այս կամ այն լրատվականի համար», - նշված է հայտարարության տեքստում։