21/04/2020 16:48
Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու․ Զոհրաբ Մնացականյան
Միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնակով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում, երբևէ չեն ստանձնելու մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂ բնակչության համար սպառնալիքի ստեղծում», - ասաց Մնացականյանն՝ ավելացնելով․
«Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և ստատուտի տարրերի լիարժեք արտահայտություն»։
Նախարարն ընդգծեց՝ սա անցնող երկու տարիների ընթացքում եղել և մնում է հայկական կողմի դիրքորոշւմը, ինչի մասին խոսվում է նաև բանակցությունների ժամանակ․
«Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել և այլ բան խոսել հասարակության մոտ՝ սխալվում է։ Նման բան չի եղել և չի լինելու», - ասաց նախարարը։
Մնացականյանը նկատեց՝ Լավրովի խոսքում հղումներ են եղել բազմաթիվ փաստաթղթերի․
«Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանփակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ, գնահատմամբ: 2014 թվականին առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը»։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները։
Խոսքը, նրա պնդմամբ, հակամարտության փուլային կարգավորման մասին է, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում: