21/04/2020 17:44
Վարչապետը որևէ մեկի անունը չի տալիս, ինչը նշանակում է վիրավորական վերաբերմունք դրսևորել ողջ լրագրողական հանրության նկատմամբ. Բորիս Նավասարդյան
Հայաստանյան լրատվամիջոցների ոլորտում կային և շարունակում են լինել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ նաև քաղաքական և բիզնես հովանավորչության խնդիրը: Այդ երևույթը մեր երկրում վաղուց է, գոյություն ունի անկախության օրվանից, սակայն այն վերացնելու համար իշխանության կողմից ոչինչ չի արվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Այդ ուղղությամբ անհրաժեշտ են շատ հետևողական քայլեր, ռազմավարություն, որոնք վերջին երկու տարիների ընթացքում չեն արվել: Իսկ եթե ինչ-որ փոփոխություններ մտցվել են, դրանք իրավիճակային բնույթ են կրել՝ շատ դեպքերում ոչ միայն չբարելավելով վիճակը, այլև ավելի խորացնելով խնդիրը: Վարչապետը պետք է ավելի շատ հոգատարություն ցուցաբերի այդ կարգի ռազմավարություն մշակելու և իրականացնելու ուղղությամբ, ոչ թե անընդհատ դժգոհություն հայտնի», - ասաց Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ ցանկալի է, որ «ծախու» լրատվամիջոցների մասին խոսելիս երկրի վարչապետը կոնկրետ հետազոտություններ ներկայացնի:
Այդպիսի հետազոտություններ, սակայն, Նավասարդյանի համոզմամբ, չկան:
«Եթե վարչապետն իրոք հետաքրքրված է խնդրով, ապա ավելի լուրջ կլիներ լուրջ ուսումնասիրություններ կատարել և հետևություններ անել: Իսկ հիմա որևէ մեկի անունը չի տրվում, ինչը նշանակում է վիրավորական վերաբերմունք դրսևորել ողջ լրագրողական հանրության նկատմամբ: Դա այն չէ, ինչ մենք սպասում ենք մեր ղեկավարությունից: Իշխանության ներկայացուցիչը պետք է ավելի լուրջ և պատասխանատու վերաբերվի իր խոսքերին», - նշեց Բորիս Նավասարդյանը: