21/04/2020 13:48
Տրանսպորտային ընկերություններն իրական սնանկության վտանգի առաջ են կանգնած․ Մեխակ Ապրեսյան
Զբոսաշրջությունը կանգ է առել, վարկային պարտավորությունները կատարելու միջոց չկա, լրագրողներին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով տուրիստական ավտոբուսների վարորդների բողոքի ակցիային։
«Մարդիկ, տեսնելով բիզնեսն ու աճի ամբողջ ընթացքը խոստումնալից, ներդրումներ են կատարել ոլորտում, թարմացրել են մեր տրանսպորտային պարկը։ Նոր բարձրակարգ ավտոբուսներ են ձեռքբերվել՝ ակնկալիքով, որ այս տարի ավելի լայն թափով ու որակով պետք է կարողանան ընդունել միջազգային զբոսաշրջիկների», - ասաց Ապրեսյանը։
Միևնույն ժամանակ վերջինս նշեց, որ զբոսաշրջությունը կանգնած է մեծ խնդիրների առաջ:
«Տրանսպորտային ընկերությունները իրական սնանկության վտանգի առաջ են կանգնած, որովհետև ունեն զգալի վարկեր, որոնք չեն կարող մարել , որովհետև չունեն եկամուտներ», - նկատեց նա։
Ապրեսյանն ընդգծեց, որ հարցի լուծման երկու ճանապարհ է տեսնում՝ կամ բանկերը ողջամիտ ժամկետով վարկային արձակուրդ պետք է տրամադրեն, կամ էլ կառավարության կողմից մշակվող աջակցության միջոցառումների շարջանակում տրամադրվող արտոնյալ վարկային միջոցները թույլ տալ նաև օգտագործել առկա վարկային պարտավորությունները մարելու համար։
Նա նշեց, որ Տուրիզմի հայկական ֆեդերացիան այդ առաջարկը ներկայացրել է կառավարությանն ու էկոնոմիկայի նախարարությանը։
«Հարցը քննարկվում է, մեծ հույս ունենք, որ մեր առաջարկությունները դրական լուծում են ստանալու։ Պետք է կարողանանք զբոսաշրջության ոլորտը փրկել փլուզումից», - հավելեց նա։